ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը Հայաստանի հետագա անդամակցության հարցը մանրակրկիտ քննարկվելու է կառույցի ղեկավարության կողմից։ «Նրանք պետք է որոշում կայացնեն՝ մնո՞ւմ են կազմակերպությունում, թե՞ նախապատվությունը տալիս են այլ սցենարի: Նրանք պետք է մեզ տեղյակ պահեն այդ մասին»,- ասել է Վասիլևը։               
 

Իրանական դադարը, «Արևմտյան Ադրբեջանը» և մեր լինելիության 300 նվիրյալները

Իրանական դադարը, «Արևմտյան Ադրբեջանը» և մեր լինելիության 300 նվիրյալները
25.06.2026 | 13:11

Իրան-ԱՄՆ պատերազմի ներկա զինադադարը մեզ համար խաղաղության երաշխիք չէ, այլ վերջին դադարը՝ նոր հարվածից առաջ։ Մինչ երկրի վարչակազմը զբաղված է օտար տիրակալներին «թանկագին ընկեր» անվանելով ու էժանագին շողոքորթությամբ, թշնամին գործում է անկասելի: Նախիջևանում կայացած «Արևմտյան Ադրբեջան» համաժողովը Բաքվի պաշտոնական հայտարարությունն է՝ կլանելու մեր հայրենիքի մնացած տարածքը։ Աշխարհը հերթական անգամ լռելու է, իսկ օտարներին կուրորեն ապավինելը մեզ զրկում է վերջին դաշնակիցներից:

Մեր ռազմարդյունաբերությունը, ցավոք, այսօր դեռևս չունի անհրաժեշտ հզորությունը, քանի որ տարիներ շարունակ այն մնացել է անտեսված։ Բայց մենք հուսահատվելու իրավունք չունենք:

Այս օրհասական ֆոնին ազգային միասնության մասին հնչող կոչերը վերածվել են դիմակահանդեսի՝ «իբր» միացածների, դեռ սպասողների ու նախընտրական հաշվարկներով մանևրողների մի անհասկանալի շարժման։

Ինչի՞ն եք սպասում. քանի դեռ մենք խրված ենք աթոռակռվի և անձնական հավակնությունների մեջ, ժամանակը սպառվում է:

Իմ ընդդիմադիր կեցվածքը երբեք ինքնանպատակ չի եղել: Մեր երկիրը կանգնած է օրհասական խնդրի առաջ, իսկ հասարակությունը կամ չի գիտակցում, կամ չի հավատում, որ վտանգված է: Մենք հայտնվել ենք այս աղետալի վիճակում ներկա վարչակազմի՝ նիկոլի գլխավորությամբ ոչ հայանպաստ կառավարման պատճառով, ում տեսլականը բացարձակապես չի բխում Հայ ժողովրդի և Հայոց պետականության շահերից: Սակայն պետք է արդարամիտ լինել. սա նաև անկախությունից ի վեր գործած բազում սայթաքումների, սխալների, տգիտության, էգոիզմի և ագահության հետևանքն է, որոնք կուտակվել են տասնամյակներով։

Այսօր ոչինչ չի խանգարում այս իշխանությանը հեռացնել և փրկել մեր պետականությունը, քանի որ սրանք բոլորով, անկախ նրանից՝ դա արվում է գիտակցաբար, թե ոմանք՝ անգիտակից, մտածված, թե իրենց թվում է, որ այդպես ճիշտ է Հային և Հայաստանին, երկիրը տանում են դեպի վերջնական կործանում: Նրանք պետականությունն ու հայ տեսակը չափում են բացառապես սեփական՝ անհայրենիք, անսկզբունք, սողացող, փախած, վախվորած ու նեղացած արշինով:

Ես դիմում եմ բոլորին, ներառյալ նրանց, ովքեր դեռ հավատում և վստահում են գործող ուժին․ թշնամու արկը չի հարցնելու մեր քաղաքական հայացքների մասին: Այս ճահճից մենք պետք է դուրս գանք Տիրոջ լույսով, բոլորիս միասնականությամբ: Հայ ժողովրդի պատմության էջերը հարուստ են նման օրինակներով, երբ Ազգը համախմբվել է ճակատագրական պահերին: Եվ այսօր նույնպես մեզ պետք է հենց այդ պայքարող տեսակը՝ հանուն գաղափարի մարտնչողներ, կերտողներ և արարողներ՝ հայի լինելու 300 նվիրյալներ, որոնք կպայքարեն հանունի՛ համար:

Խնդիրը պարզ է ու անողոք՝ հայը պետք է լինի՞, թե՞ ոչ։

Մենք պայքարում ենք մեր լինելիության համար:

Մեր փրկության ճանապարհը հստակ է.

*Անհապաղ դադարեցնել դիվանագիտական մուրացկանությունը, քանի որ հակառակորդին հաճոյանալը միայն մեծացնում է նրա ախորժակը:

*Իրականացնել ազգային ռեսուրսների համապարփակ մոբիլիզացիա, համախմբել հայկական գիտական, տեխնոլոգիական և ռազմական ողջ ներուժը՝ թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում, սեփական ձեռքերով մեր պաշտպանական համակարգը ստեղծելու համար:

*Ստեղծել Ազգային գաղափարախոսություն (դոկտրին) և դրա հիման վրա ձևավորել ազգային միասնություն` ուղղելով ողջ ազգային կապիտալը բացառապես երկրի պաշտպանունակության բարձրացմանը, Սյունիքի ամրացմանը և թշնամու ծրագրերի չեզոքացմանը։

Մեր միակ դաշնակիցը մեր կանոնավոր բանակի վերակառուցումն է, քանի որ ուժն է միակ լեզուն, որով խոսում է աշխարհը: Իսկապես գործող և հայրենիքի ցավով ապրող մարդիկ չեն սպասում հրապարակային ծափահարությունների: Նրանք, ում համար պետական շահն ամեն ինչից վեր է, արդեն իսկ միասին են, լուռ, բայց հաստատուն քայլերով հող են նախապատրաստում վաղվա հաղթանակի համար։

Մենք հստակ գիտենք մեր անելիքը, և այդ ճանապարհն անցնում ենք նրանց հետ, ովքեր պատրաստ են գործով կերտել մեր անվտանգությունը: Եթե այսօր ազգովի չսթափվենք, վեր չկանգնենք նեղ անձնական ու կուսակցական հաշվարկներից, մենք կկորցնենք հայոց պետականության վերջին բեկորները:

Սթափվե՛ք, քանի դեռ ուշ չէ:

Գևորգ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 394

Մեկնաբանություններ